1960 թվականին 23-ամյա Միխայիլ Տալը հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին և դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն:
Բոտվիննիկը շատ լուրջ գիտնական էր և շախմատը դիտարկում էր իբրև գիտություն:
Ականատեսների պնդմամբ, Տալի խաղը հիմնված էր բացառապես չհիմնավորված զոհաբերությունների և... հիպնոտիկ հայացքի վրա: Օրինակ, խաղի ընթացքում Տալը ֆիգուր էր զոհաբերում: Մտածելով, որ դիմացինը լուրջ խաղացող է, Բոտվիննիկն անգամ երկար մտածելուց հետո չէր կարողանում հասկանալ զոհաբերության իմաստը, խառնվում էր, խճճվում էր, սխալ քայլեր էր անում և, ի վերջո, պարտվում էր:
Բացի դրանից, Տալը յուրաքանչյուր քայլից հետո հիպնոտիկ հայացքով նայում էր ուղիղ Բոտվիննիկի աչքերին: Դա ևս շփոթեցնում էր հանճարեղ շախմատիստին:
Բոտվիննիկը պարտվեց, սակայն մեկ տարի շարունակ «մանրադիտակով» վերլուծեց Տալի խաղաոճն ու պահվածքը և մեկ տարի անց ջախջախիչ հաղթանակ տարավ: Բոտվիննիկն արդեն գիտեր, որ Տալի զոհաբերությունները հիմնավոր չեն և միանգամից ընդունում էր դրանք: Ասում են նաև, որ Բոտվիննիկը, Տալի հիպնոտիկ հայացքների «դեմն առնելու» համար, խաղի ընթացքում մուգ ակնոց էր կրում:
Ցավոք, Հայաստանի քաղաքական այրերը` նախկին ղեկավարները, 7 տարվա ընթացքում, այդպես էլ չհասկացան Փաշինյան Նիկոլի ֆենոմենը:
Չհասկացան, որ վերջինիս խոսքերն ու գործերը հիմնավոր չեն, իսկ ձայնն ու պահվածքը հանրության որոշ շերտերի համար հիպնոտիկ բնույթ են կրում: Հայաստանում չգտնվեց գեթ մեկ Միխայիլ Բոտվիննիկ, թեպետ շախմատիստների և լուրջ գիտնականների պակաս մեր պետությունը չունի:
Ավելին` Փաշինյան Նիկոլի հետ մեր «շախմատիստներն ու գիտնականները» չեն ցանկանում նույնիսկ խաղատախտակի շուրջ նստել (բանավիճել):
Չեմ ցանկանում մտածել, որ հայաստանյան բոտվիննիկները Փաշինյան Նիկոլի մարզիչներն են: Գիտեմ միայն, որ այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանն այնպես, ինչպես շախմատային ֆիգուր, կզոհաբերվի և վերջ:
Միխայիլ Տալն աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանեց մեկ տարի: Փաշինյան Նիկոլի իշխանության ղեկին է արդեն 7 տարի:
Եվ, ո՞վ գիտի...
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ